Հարավային Կորեայի հարավ-արևմտյան ափերին խորտակված նավի զոհերի թիվը հասել է 54-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 49 զոհվածների մասին, իսկ 250 մարդու ճակատագիրը դեռևս անհայտ է:
Փորձագետների հաղորդմամբ որոնողական աշխատանքները կարող են տևել մոտ երկու ամիս: Հարավային Կորեայի դատախազությունը արդեն պաշտոնապես մեղադրանք է առաջադրել նավապետին: Վերջինս խորտակվող նավը առաջին լքողներից մեկն է եղել: Նա հեռացել է նավից առանց համազգեստի, ուղևորի կերպարանքով: Բացի այդ նավի ուղևորները բողոքել են, որ նավաբեկության ժամանակ նավի անձնակազմը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել մարդկանց տարհանման համար, այլ միայն կոչ է արել տեղերում մնալ: